Ազատագրական շարժումը XX-րդ դարի սկզբին

Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Անդրանիկ և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:
1903 թ-ի գարնանը սահմանն անցած դաշնակցական մի քանի ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկե հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն: Սեպտեմբերի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին «Կայծակե հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրքական զորաջոկատի հետ:
1904 թ-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել: Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան: Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր: Թշնամու հետ ընդհարվելով`   խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել:
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը (շուրջ 275 մարդ) Խանասորի դաշտում վերացրել է քրդական մազրիկ ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Սալմաստ–Վասպուրական–Տարոն ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:
1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով  հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ հաճախ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել հայերի ինքնապաշտպանական կռիվներին:
Մեկ այլ հայտնի ազատամարտիկ Նիկոլ Դումանը /Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան/ կարևոր դեր է խաղացել 1894-1896թթ. հայերի կոտորածների ընթացքում ինքնապաշտպանական աշխատանքների կազմակերպման գործում:
 Ուսուցիչ և հասարակական գործիչ Դումանը թողնում է ամեն ինչ և զինվորագրվում հայրենիքի պաշտպանությանը: Նրա կողմից ստեղծվում է հատուկ ինքնապաշտպանության ծրագիր, որով պետք է առաջնորդվեին խմբապետերը`   իրենց ջոկատներն առաջնորդելիս:
Դումանը զորքի ուսուցման պրոցեսում առանձնակի տեղ էր հատկացնում որսորդական վարժությանը, քանի որ, ըստ նրա, այս վարժությունն է միայն, որ մարդուն կարող է մոտեցնել պատերազմի արհեստին՝ իր վրա կրել պաշարի ու ռազմամթերքի ծանրությունը, քայլել երկար, բարձրանալ լեռը, իջնել ձորը, շրջել ճահիճներում ու անտառներում, վարժվել քաղցին ու ծարավին, բնության խիստ պայմաններին, արագ նշանառություն և կրակելու վարժություն,  նաև սպանելու՝ կենդանի էակին դիակ դարձնելու սովորության մշակում, ինչպես կանգնած, այնպես էլ փախչող, թռչող թիրախներին խփելու վարժություն և այլն:  Նա ուսուցման ընթացքում կարևորում էր նաև յուրաքանչյուր մարտիկի և հատկապես ղեկավարի անձնական նախաձեռնությունը: «Որսորդութիւնն ունի մի ուրիշ շատ խոշոր առավելութիւն, այն՝ որ որսորդը գործում է անկախ և ինքնուրույն, և դրանով նրա մեջ զարգանում է հնարագիտութեան ոգին եւ նախաձեռնութիւնը /ինիցիատիվան/, որ չափազանց կարևոր է խաղաղ կեանքի մեջ եւ, մանաւանդ, պատերազմի ժամանակ»:
Մեկ այլ ականավոր ազատամարտիկ հայդուկ`   Գևորգ Չաուշը /Գևորգ Ղազարյան/, նույն այս շրջանում, թողնելով Առաքելոց մենաստանը, ուր նա հոր կամքով պատրաստվում էր մենակյաց դառնալ, սկսում է աշխատել զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ: Մի քանի շաբաթից վերադառնում է Սասուն և անդամագրվում Աղբյուր Սերոբի ջոկատին:  Մասնակցում է 1891-1994թ.-ի Սասունի ինքնապաշտպանության մարտերին`   հատկապես աչքի ընկնելով Տալվորիկի մարտերում: Անձամբ վրեժ է լուծում Աղբյուր Սերոբի մահվան համար պատասխանատուներից:
1900-1901թթ. Գևորգ Չաուշի խումբը հաջող մարտեր է վարում Բերդասարի, Նորաշենի մարտերում: 1906-1907թթ. գործում է Տեր-Մինասյանի հետ: Անձնական խիզախության, հրամանատարական հատուկ ընդունակությունների շնորհիվ մարտերի ժամանակ նա գրեթե միշտ հաղթանակի է հասնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *